ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԵՌՆԵՐԻ ԵՐԿՐԻՑ
Սյունիքի դարպասներից բացված լեռների վրա ընկնող տաք արևով ու պաղ քամիներով լի ճանապարհը չսիրել դժվար է: Բայց այն հատկապես հաճելի է, եթե դու գնում ես Թումո Ստեփանակերտ՝ արցախցի տասնվեց պատանիների հետ թիմ կազմելու ու բրաուզերի դատարկ էջը մարդկանց ու ժամանակների մասին պատմություններով լցնելու:
2016-ի հունիսին Esquire Ռուսաստանի շեֆ խմբագիր Գրիգոր Աթանեսյանն ու Blueprint հանդեսի արտ տնօրեն Ջինա Օնեգինան (նույն իրենք՝ ամուսիններ Գրիգորն ու Ջինան), ընկան Հայաստանի «խուճուճ» ճանապարհներով ու անցկացրին նորարար մտքերով, թվային մեդիաներով, հետաքրքիր պատմություններով ու մի շարք ժենգյալով հացերով լցված երկու շաբաթ:
Իրենց տասնվեց ուսանողները իմացան՝ ինչպես են ստեղծվում այն պատմությունները, որոնք հայտնվում են ամսագրերի ու թվային հանդեսների շապիկներին, ովքեր ու ինչ ձևով են այդ պատմությունները դարձնում հիշվող, հարազատ, սրամիտ... մի խոսքով այնպիսի, որ կարդացողը ցանկանա դրանցով կիսվել իր մտերիմների ու ամբողջ աշխարհի հետ: Նրանք աշխատեցին թիմերով, գտան Արցախի ամենահետաքրքիր անկյուններն ու պատմությունները, զրուցեցին հետաքրքիր մարդկանց հետ ու երևակայեցին ապագայի մասին:
Արդյունքը՝ չորս բազմամեդիա թվային պատմություն: Տեքստեր, հարցազրույցներ, լուսանկարներ, հոլովակներ ու gif-եր՝ լիովին ստեղծված ու հավաքված ուսանողների մինի-խմբագրական թիմերով ու հավաքված հենց այս՝ verstka.io հարթակում: Բոլոր թիմերը ունեին դիզայներներ, գրողներ, լուսանկարիչներ, օպերատորներ: Բոլորը բացի մեկից:
Շուշեցի Գևորգը աշխատարանի հենց սկզբից բացատրեց, որ իր համար հատկապես կարևոր է պատրաստել նախագիծ Շուշիի մասին, ու այդ ամենն անել լիովին ինքնուրույն: Շուշիի բազմաթիվ թանգարանների ու պատկերասրահների մասին պատմության միջոցով Գևորգը ուզում էր մարդկանց ցույց տալ քաղաքի այսօրվա ու անցյալ կյանքի մշակութային կողմը:
Թիմերից մեկը՝ «Ղարաբաղը՝ 1000 տարի հետո» պատմության հեղինակները, համադրեցին իրենց իրական սպասումներն ու ամենահամարձակ պատկերացումները: Իրենց հետաքրքիր էր իմանալ, թե ինչ ապագա է սպասում Արցախին: Այնպես որ, իրենք ստեղծեցին այդ ապագան: Ու ամենասրամիտ ձևով պատմեցին այդ ապագայում ապրող մարդկանց, այնտեղ ծաղկող գիտության, սպորտի ու արվեստի մասին:
Քանի որ խմբերից մեկի անդամները հասկացան, որ երկրի մասին առաջին հերթին խոսում են իր բնակիչները, ստեղծվեց «Անհայտ Արցախի հայտնի մարդիկ» նախագիծը: Նախագծի հերոսները պատմեցին իրենց՝ յուրաքանչյուրի համար տարբեր, յուրօրինակ Արցախի մասին:
Հարազատ քաղաքի մասին թարմ պատկերացում ունենալու համար լավագույն միջոցը հյուրերիդ հարցուփորձ անելն է, ու հենց դրանով էլ զբաղվեց «Արցախը՝ ճամփորդների աչքերով» նախագծի հեղինակ թիմը: Նրանք փորձեցին փորփրել զբոսաշրջիկների բոլոր տպավորություններն ու զգացողությունները, ու ստեղծել իրենց տեսած Արցախի պատկերը:
Ստեփանակերտի ամառային երկու շաբաթները լայնացրին պատանիների պատկերացումները թվային մեդիայի մասին, Գրիգորի և Ջինայի պատկերացումները՝ հայրենիքի: Բայց այդքանը դեռ ամենը չէ:
Եվ եթե դուք կարծում եք, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ լսել, ապա հիշեցնենք, որ դուք դեռ չեք տեսել Գրիգորի, Ջինայի ու պատանիների ստեղծած պատմությունները: Դրանք կարելի է և տեսնել, և լսել, և կարդալ, իսկ ամենակարևորը՝ զգալ: Եվ դրանք զգալու հաճույքը մենք ձեզ կընձեռենք շատ շուտով: